Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հաջորդ ֆիլմը կդառնա «Ամերիկացի դիպուկահարը»՝ «ծովարջ» Քրիս Քայլի ինքնակենսագրականի էկրանավորումը: Քայլը խոցած թիրախների թվով ամերիկացի դիպուկահարների շարքում ռեկորդակիր է՝ փոխանցում է The Hollywood Reporter-ը:
Ռեկորդակիր դիպուկահարի գիրքը 18 ամիս մնացել է The New York Times-ի բեսթսելլերների ցուցակում, որից 13 -ում գրավել է առաջին հորիզոնականը: Քննադատները բարձր են գնահատել դիպուկահարի ազնվությունը: Քայլը, որը պատերազմին 160 մարդու է սպանել, մահացել է 2013-ի փետրվարի սկզբին: Նրան սպանել էր հոգեպես չհավասարակշռված վետերան Էդի Ռուտը, որի հետ դիպուկահարը գնացել էր հրաձգության: Քայլին կմարմնավորի Բրեդլի Կուպերը:
Ֆիլմի վրա համատեղ կաշխատեն Warner Bros և DreamWorks ստուդիաները: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2014-ի առաջին եռամսյակում:









































