The Telegraph թերթի փոխանցմամբ՝ հայտնի է, որ քաղաքների կանաչապատ տարածքները դրական են ազդում մարդկանց առողջության վրա։ Իսկ այժմ գիտնականներն ապացուցել են, որ քաղաքների գեղեցիկ ճարտարապետությունը նպաստում է լավ տրամադրություն ունենալուն և երջանիկ կյանքի այլ ասպեկտներին։
Վարվիկի համալսարանի մասնագետները տեսարժան վայրերով հարուստ քաղաքների բնակիչներին խորհուրդ են տալիս ավելի շատ զբոսնել, ինչն օգտակար է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից։
Գիտնականները մասշտաբային վերլուծություն են իրականացրել, որը հնարավորություն է տվել հասկանալ, թե մարդիկ իրենց քաղաքի որ մասերում են ավելի լավ զգացել։ Կամավորների խմբերին խնդրել են գնահատել ավելի քան 212.000 լուսանկար, որոնք արվել են Մեծ Բրիտանիայում։ Զարմանալիորեն պարզվել է, որ մարդիկ իրենց ամենից լավ զգացել են ոչ թե կանաչապատ տարածքներում, այլ ճարտարապետական ու դիզայներական գեղեցիկ ոճով կառուցված շինությունների մոտ։









































