47 մարդու մահապատիժը, որն ակնթարթորեն առաջացրեց բուռն միջազգային արձագանք, իրականում մտածվել էր իշխանությունների կողմից որպես ուղերձ Սաուդյան Արաբիայի բնակչությանը՝ գրում է Bloomberg գործակալությունը։
«Ներքին հարձակումների շարքից հետո, որոնց հետևանքով մի քանի տասնյակ մարդիկ զոհվեցին, ինչպես նաև նավթի գների անկման պատճառով տնտեսական դժվարությունների և Եմենում ձգձգվող պատերազմի ֆոնին աշխարհում նավթի խոշորագույն արտահանողի կառավարիչները հավանաբար ձգտում են հանրությանը ցույց տալ իրենց կոշտ դիրքորոշումն ահաբեկչության հանդեպ և այլակարծության հետ հաշտվելու ցանկության բացակայությունը»,- ասվում է հոդվածում։
Վերլուծաբանների կարծիքով՝ տեղի ունեցածը ներքին լսարանի համար էր։ Նման մահապատիժները համախմբում են մարդկանց։
Նման քայլը նաև կարող է նախատեսված լինել թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի դիրքերն ամրապնդելու համար, ով իշխանության է եկել անցած տարվա սկզբին՝ ասել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Ջորդանը։ Նա կարծում է, որ թագավորը փորձում է ցույց տալ, որ ինքն ուժեղ առաջնորդ է։