Երևանում հունվարի 3-ին շենքի 8-րդ հարկից ընկած և ողջ մնացած 23-ամյա աղջիկը դեռ ի վիճակի չէ ցուցմունք տալ, քանի որ բարդ վիրահատություն է տարել: Այնպես որ, հնարավոր չէ հստակ ասել՝ ինչու է նա ընկել 8-րդ հարկից: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Ըստ նրա՝ դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում, և առաջիկայում գործը կփոխանցվի քննչական կոմիտեին: Շրջանառվող տեղեկություններով՝ 23-ամյա աղջիկն ինքնասպանության փորձ է կատարել:
Նշենք, որ նա Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում վիրահատվել է, վիրահատությունը նորմալ է անցել, հետվիրահատական բարդություններ չկան, և նա արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:
23-ամյա աղջկան վիրահատած բժիշկը մեզ հետ զրույցում ասել էր, որ աղջիկը հրաշքով է ողջ մնացել՝ 8-րդ հարկից ընկնելուց հետո:
Հիշեցնենք. արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ հունվարի 3-ի ուշ երեկոյան ահազանգ են ստացել, որ Վ. Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի բակում երիտասարդ աղջիկ է ընկած: Որոշ տեղեկություններով՝ 23-ամյա աղջիկը ընկել է լվացքի պարանների վրա, հետո՝ ձնակույտի մեջ, ինչի շնորհիվ ողջ է մնացել:








































