Ադրբեջանում ուժեղացվել է անվտանգությունը Իրանի և Սաուդյան Արաբիայի դեսպանատների շենքերի շրջակայքում, հայտնում է gazeta.ru-ն:
Այդպիսի որոշում իշխանությունները կայացրել են` կապված Սաուդյան Արաբիայում շիայի քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժից հետո Թեհրանի և Էր-Րիյադի հարաբերություններում առաջացած լարվածության հետ:
Բացի այդ, Ադրբեջանում Իրանի դեսպան Մոսհուն Փակ Այինը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գործողությունները խախտում են մարդու իրավունքները: Նա նաև ավելացրել է, որ աշխարհի մահմեդականները Իսլամական համագործակցության երկրների կողմից արձագանքներ են ակնկալում և համապատասխան գնահատական միջազգային իրավունքի շրջանակներում:
Ադրբեջանում Սաուդյան Արաբիայի դեսպան Մուսաիդ բին Իբրահիմ բիլ Աբդուլա ալ-Սալիմը իր հերթին նշել է, որ իր երկրի իշխանությունները կտրուկ հակակրանքով են վերաբերվում Իրանի ագրեսիվ հայտարարություններին, ինչպես նաև մեղադրել է Թեհրանին ահաբեկչությանն աջակցելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիան մտադիր է կասեցնել Իրանի հետ օդային կապերը:








































