Մեծ Բրիտանիան ակտիվորեն պատրաստվում է Եղիսաբեթ II թագուհու ծննդյան 90-ամյակի տոնակատարություններին: Մեծամաշստաբ հանդիսություններին պատրաստվելու շրջանակներում կառավարությունը որոշել է երկրում կատարել ընդհանուր մաքրման աշխատանքներ` մարտահրավեր նետելով կենցաղային աղբին, ինչը ցանկացած մասսայական միջոցառման անբաժանելի մասն է կազմում, հայտնում է spletnik.ru-ն: Սակայն ոչ բոլոր քաղաքացիներին է դուր եկել այդ գաղափարը:
Բանն այն է, որ առաջարկվել է բարձրացնել տուգանքները փողոցում նետված պլաստիկ շշերի, ֆաստֆուդի փաթեթների և բաժակների համար: Ներկայումս այդ գումարը կազմում է 50 ֆունտ ստերլինգ, սակայն հնարավոր է այն բարձրացվի մինչև 100-150:
Շատ բրիտանացիներ շտապել են կշտամբել կառավարությանը, որ երկիրն ավելի լուրջ խնդիրներ ունի, որոնց դեմ պետք է պայքարել` նշելով, որ քաղաքների մաքրման Clean for the Queen ակցիան վատ գաղափար է:
Քաղաքացիների վրդովմունքը, սակայն, այնքան էլ չի անհանգստացրել կառավարությանը:
«Աղբի նետումը փողոցում հակասոցիալական վարքագիծ է: Դա շրջակա միջավայրի եսասիրական և չմտածված փչացում է: Թափոններից փողոցների մաքրումը քաղաքի համար տարեկան միլիոնավոր ֆունտ ստերլինգներ է արժենում: Այդ գումարը կարելի է ծախսել ավելի առաջադեմ նպատակների համար»,- հայտնել է նախարարության ներկայացուցիչ Մարկուս Ջոնսը The Daily Mail-ին տված հարցազրույցում:









































