«Առաջին լրատվական»-ը զրուցել է Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանի հետ:
– Պարոն Չետերյան, ամփոփում ենք տարին: Դուք տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ փաստում էիք՝ Հայաստանը ԻՊ-ի համար վտանգ չի ներկայացնում: Շարունակո՞ւմ եք մնալ նույն համոզմանը:
– Ինչպես նախապես ասել եմ, հիմա էլ մնում եմ նույն համոզման, որ վտանգ չկա Հայաստանի համար ԴԱԻՇ-ի կողմից: Մանավանդ երբ հետևում ենք վերջին զարգացումներին Իրաքի, Սիրիայի մեջ, ԻՊ կոչված կազմակերպությունն արդեն իսկ բավական շատ թշնամիների ճակատներ ունի, բավական մեծ դժվարություններ ունի: Չեմ կարծում, որ ինչ-որ պատճառ կարող է լինել, որ նրանք թշնամություն փնտրեն հեռավոր Կովկասի մեջ: Այսինքն՝ որևէ դրդապատճառ չունի:
Հայաստանի հոգսերն ուրիշ տեղում են են: Մի քանի մեծ նյութ կա այստեղ, մեկը՝ 2015-ը Ցեղասպանության 100-րդ տարելիցն էր, և երկրորդ՝ մեդիայի առումով բավական հաջող տարի էր, բայց քաղաքական առումով մեծ հաջողություն չկարողացանք արձանագրել, բայց քաղաքական և դիվանագիտական որևէ հաջողություն չկարողացանք արձանագրել:
Երրորդ խնդիրը տնտեսական է. Հայաստանի տնտեսությունը կախված է Ռուսաստանի տնտեսությունից: 2008-ից ի վեր Հայաստանի տնտեսությունը վերելքներ ու վայրէջքներ ունի, բայց ճգնաժամային իրավիճակ է, դա շատ մտահոգիչ թեմա է:
– Լավրովի՝ Հայաստան կատարած վերջին այցից հետո արդեն խոսվում է սիրիահայերին պատերազմական գործողություններին մասնակից դարձնելու հնարավոր քայլերի մասին։ Հայկական համայնքն առհասարակ սիրիական հակամարտությանը պե՞տք է խառնվի, թե՞ ոչ:
-Ես միշտ այն դիրքորոշման եմ, որ մանավանդ զինյալ բախումները, սիրիական հակամարտության ռազմականացումը վնաս է բոլորին: Եվ այդ պատերազմի մեջ սիրիահայերն ընդհանրապես տեղ չունեն: Սա շատ վայրագ պատերազմ է, և հայկական փոքր գաղութն այս պատերազմին մասնակցելու դեպքում կարող է վնասով դուս գալ, զոհեր տալ: Ամեն ինչ պետք է անել ամենանվազ վնասներով դուրս գալու համար: Եթե պատերազմի ալիքը վերջանա, պետք է փորձենք վերականգնել հայկական համայնքին, որոնք այսօր դեգերում են աշխարհի տարբեր ափերին: Այնպես որ այս պատերազմին մասնակցելն ընդհանրապես անիմաստ է:
Շատ դժվար կլինի Սիրիայում վերականգնել մեր հայկական ներկայությունը, նեցուկ կանգնել այդ համայնքին, այնպես որ պատերազմական ռազմական գործերին մասնակցելն ընդհանրապես անիմաստ է:
– Պարոն Չետերյան, եթե հանկարծ Հայաստանը որոշի ներգրավվել, և սիրիահայերն այս պայքարին մասնակցեն, ԻՊ-ի համար Հայաստանը կսկսի՞ վտանգ ներկայացնել, ի՞նչ վտանգներ եք տեսնում այդ դեպքում:
– Հայաստանը միջոցներ չունի այդ հակամարտության մեջ մտնելու, ոչ էլ սիրիահայերն ունեն միջոցներ, դրանք շատ դատարկ խոսքեր են, ո՛չ ավելի: Եթե հայերը ներգրավվեին այս հակամարտության մեջ, պետք է արդեն ներգրավված լինեին: Միակ բանը, որ իրականացնում են հայերը, այն է, որ հայ տղամարդիկ իրենց եկեղեցիներում, դպրոցներում պահակություն են անում: Քեսաբի ճակատամարտի ժամանակ, երբ մեծ հարձակում եղավ այնտեղ, հայկական ուժերը որևևէ միջոց չունեին դիմագրավելու. իսկապես անիմաստ է այդ ուղղությամբ մտածել: Պատերազմը շատ վտանգավոր խաղ է, եթե մենք միջոցներ չունենք, պետք է ուրիշ կերպ մտածենք:
–Այսինքն՝ Հայաստանը եթե հանկարծ ներգրավվի, կօգտագործվի ինչ-որ առումով Ռուսաստանի կողմից, և պետք է զգույշ լինի՝ որևէ կերպ չխառնվելու այս մեծ պատերազմին:
–Առնվազն քաղաքական կուրություն կլինի այս հակամարտությանը խառնվելը:
-Այսինքն՝ Հայաստանն այս փուլում արտաքին ճի՞շտ քաղաքականություն է վարում՝ հնարավորինս մանևրելով և զերծ մնալով:
-Հայաստանը պետք է տարածաշրջանի զարգացումների պոզիտիվ կողմերը նայի: Պոզիտիվ կողմներն այն են, որ մենք պետք է կարողանանք ռուսական շուկայի նոր պայմաններում ներդրումներ զարգացնել, պետք է կարողանանք Իրանից եկող տնտեսական բաց շուկաներում կյանքի կոչել մեր հնարավորությունները, որ այնտեղ ստեղծվել են, պետք է այդ շարժումներից օգտվել, և ոչ թե տարածաշրջանի ամենամութ, ամենավտանգավոր պատկերին միջամտենք, որ նույնիսկ մեծ պետությունները միջամտելու որևէ լուծում չունեն: Այսինքն՝ այս քաղաքականության այբ-բեն-գիմ իմացողը նույն եզրակացությանը պետք է գա:
– Վերջերս Սերժ Սարգսյանը բավականին կտրուկ հայտարարություն արեց ՀԱՊԿ գագաթնաժողովում: Սա արտաքին քաղաքականության մեջ որևէ բան կարո՞ղ է փոխել:
– Վերջերս թե՛ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման և թե՛ Ադրբեջանի հստակ տնտեսական թուլությունը, որ տեսանք այս տարի, կարող է ուժեղացնել հայկական դիրքերը:
Այլևս հրադադարի իրողություն գոյություն չունի, պատերազմական իրողություն է, և Հայաստանը պետք է ելք գտնի, որ այդ իրողությունը վերածի ավելի հանդարտ իրողության, որպեսզի հնարավոր լինի զրուցել այդ հակամարտության լուծման մասին: Բայց, ի վերջո, Հայաստանը նաև պատասխանատվություն ունի. երկար տարիներ Երևանում այն տպավորությունը կա, որ պարզապես դիվանագիտական սահմանափակ երկխոսությունը, որ կա Բաքվի հետ, կփակվի, որպեսզի Ղարաբաղի կոնֆլիկտը ղեկավարվի, և հստակ է, որ հիմա չի կարող իրական դառնալ: Ի վերջո, պետք է Հայաստանը մտածի, թե որն է Ղարաբաղի հակամարտության լուծումը, ինչպիսի ռեալ լուծում կարելի է իրականացնել այնտեղ:
– Այսինքն՝ 2016-ին այս ուղղությամբ պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
– Այո, պետք է ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել, վերջին 20 տարիներին միայն արտգործնախարարի մակարդակով է այդ աշխատանքը տարվում, բայց կարող է՝ ուրիշ միջոցներ կան: Պետք է Հայաստանը մտածի Ադրբեջանի հանրային կարծիքի մասին. ինչպիսի քայլեր անել, որ այդ հանրային կարծիքը շատ ավելի նեգատիվ ուղղությամբ չգնա: Այսինքն՝ պետք է կարողանալ իրենց հետ լուծել հարցը, ոչ թե միայն վերնախավի հետ, քանի որ այսօր կա իշխանություն, բայց կարող է վաղը այդ իշխանությունը չլինել:











































