Բուենոս Այրեսում ընթացող գրքի 39-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված էր նաև Հայաստանը, մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:
Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և արգենտինահայ համայնքային կառույցների օժանդակությամբ ցուցահանդեսի «Խորխե Լուիս Բորխես» սրահում կայացավ օրվա կենտրոնական ձեռնարկը, որին ներկա էին ավելի քան 1200 հանդիսականներ: Բացման խոսքով հանդես է եկել Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էրնան Լոմբարդին:
Իր ելույթում դեսպան Մելիքյանը, մասնավորապես, նշել է. «Ավելի քան 30 տարի Հայաստանի տաղավարն իր յուրահատուկ և ճանաչելի տեղն ունի հեղինակավոր այս ցուցահանդեսում՝ շնորհիվ արգենտինահայ համայնքի անմիջական օգնության, աջակցության և գործուն մասնակցության։ Խորհրդանշական զուգադիպությամբ 2012 թվականին Երևանը՝ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը պատիվն ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվելու որպես արդեն համաշխարհային գրքի 12-րդ մայրաքաղաք։ Եվ հատկանշական է, որ պատվավոր այդ տիտղոսը մենք ընդունեցինք Բուենոս Այրեսից։ Անցյալ տարի մեծ շուքով նշելով հայ գրատպության 500-ամյա հոբելյանը՝ Հայաստանը կարողացավ համայն գրականասեր հանրությանը պատմել հայ գրքի անցած երկարատև, դժվարին, ցավերով ու տանջանքներով, բայց և փառապանծ նվաճումներով լի ճանապարհի, ինչպես նաև ներկայիս հանգրվանի մասին»։
Նախարար Էրնան Լոմբարդին անդրադարձել է 2012 թ. Երևանը՝ որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու փաստին, այդ կապակցությամբ կայացած միջոցառումներին՝ ընդգծելով երկու երկրների մշակութային կյանքում գրքի ունեցած կարևոր նշանակությունը: Միաժամանակ, նա իր տպավորությունները կիսեց վերը նշված առիթով Երևան կատարած այցից՝ բնութագրելով այն որպես բազմաբովանդակ և անմոռանալի:
Միջոցառման գեղարվեստական հատվածում հանդես է եկել արգենտինահայ երգիչ-երգչուհիներ, «Գայանե», «Մասիս», «Նարեկ» և «Նաիրի» պարախմբերը, որոնց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։







































