Սաուդյան Արաբիան չի կարող կոծկել վիթխարի սխալը՝ Ալ-Նիմրի մահապատիժը, Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի փոխարտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլահիանին։
Կիրակի Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ Ալ-Ջուբեյրը հայտարարել էր Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ «թագավորության ներքին գործերին բացահայտ միջամտելու, տարածաշրջանում թշնամական գործողությունների ու Թեհրանում թագավորության դեսպանատան ու Մեշհեդ քաղաքում հյուպատոսության վրա հարձակումների պատճառով»։
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է նաև, որ երկրում սաուդցի դիվանագետներին ոչ ոք վնաս չի պատճառել, և Իրանը համարել է տարածաշրջանում դիվանագետների համար ամենաանվտանգ երկրներից մեկը։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ թագավորությունն Իրանից տարհանել է դիվանագիտական առաքելության 47 աշխատակցի ու նրանց ընտանիքի անդամներին։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «աստվածային պատիժ» է խոստացել հայտնի քարոզչի մահապատժի համար։ Նա շիա քարոզիչ Ալ-Նիմրին անվանել է նահատակ, ով գործել է խաղաղ։
Այաթոլլայի կարծիքով՝ քարոզիչը մահապատժի է ենթարկվել ընդդիմադիր հայացքների համար։










































