Վենեսուելայի նավթի նախարար Էուլոխիո դել Պինոն Telesur հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի իշխանությունները նախաձեռնում են անցկացնել ՕՊԵԿ-ի նավթարդյունահանող երկրների արտահերթ գագաթնաժողով՝ բոլոր անկախ արտադրողների մասնակցությամբ:
«Նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ միասին մենք մշտապես քննարկում ենք հունվարին արտակարգ հանդիպում անցկացնելու հարցում ՕՊԵԿ-ի առաջնորդներին և անկախ արտադրողներին դրդելու անհրաժեշտությունը»,- ասել է նա:
Դել Պինոն կարծիք է հայտնել, որ եթե արտահանողները հրաժարվեն համակարգված գործողություններից, ապա սպառնալիք կա, որ նավթի գները հետագայում ներկայիս մակարդակից 10 դոլարով կիջնեն՝ հասնելով մինչև մեկ բարելի դիմաց 27 դոլարի:
«Բոլոր արտադրողների համատեղ գործողություններն անհրաժեշտություն են: Պետք է պաշտպանել չվերականգնվող էներգիայի աղբյուրի արդարացի գները»,- ընդգծել է նախարարը:









































