Motor.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Consumer Reports պարբերականը հրապարակել է 2015 թվականի ամենավատ ավտոմեքենաների ցուցակը։ Այն կազմել են լրագրողներն ու փորձագետները՝ հենվելով իրենց անցկացրած փորձարկումների վրա։
Նրանք հաշվի են առել ավտոմեքենաների բազմաթիվ պարամետրեր, այդ թվում նաև աղմուկի աստիճանը, վառելիքի խնայողության աստիճանը և կազմել են 1-100 միավորով վարկանիշ։
Հետչբեք Toyota Yaris-ը հավաքել է 47 միավոր։ Մասնագետներն ընդգծել են, որ նրա սրահում նեղվածք է, ղեկն անհարմար է, իսկ աղմուկի մեկուսացումը վատ է կազմակերպված։ Դժգոհությունների տեղիք է տվել նաև նրա փոխանցման տուփը՝ 4 աստիճան, մինչդեռ ԱՄՆ-ում նրա մրցակիցներից շատերն ունեն 6 աստիճանի փոխանցման տուփ։

Scion մակնիշի tC կուպեն, որը պատկանում է Toyota-ին, ստացել է 44 միավոր։ Մասնագետները բացասաբար են գնահատել նրա ոչ սահուն ընթացքը, չափազանց կոշտ կասեցումը, աղմուկի վատ արգելափակումը, ղեկի անհարմար դիրքը։

35 միավոր է հավաքել Mitsubishi i-MiEV էլեկտրամոբիլը, ինչը կապված է նրա ընթացիկ միջին որակների, վատ դինամիկ առանձնահատկությունների ու հնացած ինտերիերի հետ։

Mitsubishi-ի ևս մեկ մոդել՝ Mirage հետչբեքը, հավաքել է 29 միավոր։ Այն վատ է ղեկավարվում, իսկ երեք մխոցանի շարժիչն աչքի է ընկնում տատանումներով։ Այն համարվել է աղմկոտ ու դանդաղընթաց ավտոմեքենա։

2015 թվականին ամենավատ ավտոմեքենաների թվում ամենաքիչ միավորները ստացել է Jeep Wrangler Unlimited ամենագնացը՝ 20 միավոր։ Ընդգծվում է, որ մեքենան վատ է ղեկավարվում, դժգոհություններ կան ընթացքի մասով, այն ծախսում է չափազանց շատ վառելիք (100 կիլոմետրի համար՝ 14 լիտր)։








































