ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում մայիսմեկյան ցույցի ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ՝ հաղորդում է Associated Press-ը:
Սիեթլում ակցիայի մի քանի հարյուր մասնակիցներ, որոնց մի մասը եղել են դիմակներով, քարեր, դյուրավառ հեղուկով, ջրով լի շշեր են նետել ոստիկանների վրա: Իրավապահ մարմինների աշխատակիցների վրա նետել են նաև այլ իրեր, այդ թվում՝ սքեյթբորդ:
Ի պատասխան՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակ: Իրավապահ մարմինները պնդում են, որ գործել են օրենքի շրջանակներում, քանի որ քաղաքի կենտրոնում երթը համաձայնեցված չի եղել:
Իշխանությունները պնդում են, որ քաղաքի կենտրոնում սադրանք են կազմակերպել ձախ ծայրահեղականները, այդ թվում՝ տեղի անարխիստները: Ակցիայի մասնակից մի քանի մարդու տեղափոխել են ոստիկանական տեղամասեր:
Նախորդ տարի Սիեթլում մայիսմեկյան ցույցը նույնպես ավարտվել էր անկարգություններով: Այդ ժամանակ ոստիկանությունը պատրաստ չէր եղել, և ձախ ծայրահեղականներին հաջողվել էր վերահսկողություն հաստատել կենտրոնական փողոցներում՝ կոտրելով խանութների, գրասենյակների ապակիները:










































