Չադի անվտանգության ուժերը կանխել են պետական հեղաշրջման փորձ՝ ուղղված նախագահ Իդրիս Դեբիի դեմ: Այս մասին հայտնել է երկրի կապի նախարար Հասան Բակարին, որը միևնույն ժամանակ նաև կառավարության պաշտոնական ներկայացուցիչն է: Նրա խոսքով՝ հեղաշրջման ծրագիրը պատրաստվել է մի քանի ամսվա ընթացքում: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
«Մայիսի 1-ին վատ մտադրություններով մի խումբ անձինք ցանկացել էին ապակայունացնել իրավիճակը իշխանության պետական ինստիտուտներում»,- հայտարարել է Բակարին:
Նախարարը նաև հավելել է, որ բոլոր ենթադրյալ դավադիրները ձերբակալվել են և հանձնվել պետդատախազության մարմիններին:
Չադի նախարարների կաբինետի ներկայացուցիչը պետական հեղաշրջման փորձից այլ մանրամասներ չի հայտնել:










































