Ադրբեջանական 1News.az կայքի փոխանցմամբ, Ադրբեջանը «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում արդեն բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ` Ասոցիացիայի մասին համաձայնագրի կնքման և անցագրային ռեժիմի մեղմացման շուրջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ էլխան Պոլուխովը:
Վերջինիս խոսքերով` Ադրբեջանը տարբեր խնդիրների շուրջ սերտորեն համագործակցում է ԵՄ-ի հետ և մտադիր է հետագայում ընդլայնել գործընկերությունը:
Հիշեցնենք, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը միտված է նրան, որ ԵՄ-ին էլ ավելի մերձեցնի Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային,Բելառուսին և Ուկրաինային: Թեև այն իրենից չի ենթադրում ԵՄ-ին անդամակցություն, այնուամենայնիվ նախատեսում է քաղաքական ու տնտեսական մերձեցում: Այս ծրագրի մեկնարկը տրվեց 2009 թվականի մայիսի 7-ին Պրագայում կայացած ԵՄ-ի գագաթնաժողովում:











































