«Բենզին մենք, եթե չեմ սխալվում, ներկրում ենք տարբեր տեղերից` Իրանից, Իրաքից, Բուլղարիայից, Թուրքմենստանից»,- այսօր ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես կանդրադառնա բենզինի արտահանումը դադարեցնելու Ռուսաստանի որոշումը Հայաստանի վրա:
«Ես, ճիշտ ասած, այդ բենզինի գործով չեմ զբաղվել, բայց կարծում եմ, որ Հայաստանի վրա կարող է ազդել ոչ թե ուղղակիորեն, այլ անուղղակիորեն»,- ասաց Վ. Այվազյանը:
Այսինքն՝ ըստ Վ. Այվազյանի, այնքանով, որքանով որ Ռուսաստանի կառավարության այս որոշումը կազդի ամբողջ աշխարհում բենզինի գների բարձրացման վրա, ճիշտ այդքանով էլ կազդի Հայաստանի վրա:
ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը ևս կարծում է, որ Ռուսաստանի այս որոշումը կհանգեցնի բենզինի գների է՛լ ավելի մեծ աճի ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: