Այսօր սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայ-կանդական գործարար խորհրդի ու Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ, մեկնարկեց Հայկական առևտրական ցանց ստեղծելու հիմնադիր խորհրդաժողովը, որին մասնակցում էին 9 երկրներից շուրջ 30 մասնագետներ:
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, Հայ-կանդական գործարար խորհրդի նախագահ Վահրամ Փիրջանյանը:
Խորհրդաժողովի անցկացման հիմնական նպատակն էր ստեղծել Հայկական առևտրական ցանց` ՀԱՑ ընկերությունը, որի գործունեության առանցքային խնդիրներց է ձևավորել գործող հայկական ընկերությունների/միավորումների համահայկական ցանց, խթանել առևտրաարդյունաբերական պալատների կամ բիզնես խորհուրդների ձևավորման գործընթացը և նպաստել ծագումով հայ գործարարների ներգրավմանը վերոնշյալ կառույցներում, նոր գործարար ընկերությունների ստեղծմանը Սփյուռքի այն երկրներում, որտեղ դրանք դեռ ձևավորված չեն, գործարար ընկերությունների և ներգրավված անդամների միջև հաղորդակցություն ապահովելու նպատակով ստեղծել համգործակցության հարթակ` նպաստելով բիզնես նախագծերի, ծրագրերի համատեղ իրականացմանը:
ՀԱՑ-ի նպատակներից է նաև ստեղծել նոր հնարավորություններ ոչ միայն Հայաստան-Սփյուռք, այլև Սփյուռք-Սփյուռք գործարար կապերը ամրապնդելու, համահայկական գործարար ցանց ձևավորելու համար` համազգային նշանակության հարցերին աջակցելու նպատակով, նաև Հայաստանի և Արցախի ներդրումային մթնոլորտի ու նոր ներդրումային հնարավորությունների վերաբերյալ Սփյուռքի գործարար և համայնքային կառույցներին տրամադրելու տեղեկատվություն և առաջարկելու ծրագրեր, տարբեր երկրների փորձի կիրառմաբ, աջակցելու Հայաստանի բիզնես մթնոլորտի բարելավմանը, հնարավոր պարզեցմանը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի