«Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահրամ Վարդանյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ուսումնասիրության արդյունքում հայտարարել է, որ ՏԻՄ ընտրություններն իրենցից ներկայացնում են համապետական փոփոխության էլեմենտ, և պայքարը բավականին թեժ է, քանի որ մասնակցում են բոլոր հայտնի քաղաքակն ուժերը. «Մասնակից կուսակցությունները զբաղվում են իշխանության «սև» PR-ով, ոչ թե իրենց գործունեությունն են ներկայացնում: Սա պայմանավորված է նաև նրանով, որ ավագանու ընտրություններով մի քանի տարի դադարում են ՀՀ ընտրական գործընթացները»:
Նա նշեց, որ Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ երևանցիների 86.7 %-ը կարծում է, որ Երևանի քաղաքապետը պետք է զբաղվի միայն ու միայն քաղաքին առնչվող խնդիրներով, այլ ոչ թե քաղաքականությանը վերաբերող հարցերով:
Բանախոսն ասաց նաև, որ մարդիկ այս ընտրություններին «ոչ թե դեմ, այլ` ում» սկզբունքով են քվեարկելու: Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավի պայմաններին, ապա բոլոր թեկնածուներն ունեցել են հավասար պայմաններ. «Կան որոշակի ասեկոսեներ, թե ինչ-որ խնդիրներ են եղել, խոչընդոտել են, ընտրակաշառքի դեպքեր են եղել, վարչական չարաշահումներ, սակայն փաստեր չկան, որպեսզի արձանագրենք»:
Նշենք նաև, որ տվյալ կազմակերպությունը Երևանի 11 և 12-րդ ընտրական տեղամասերում ֆիքսված դիտորդական առաքելություն է իրականացնելու, քանի որ ամենաշատ ընրախախտումները հենց այստեղ են լինում: Ընդհանուր թվով լինելու է 60 դիտորդ և շրջիկ դիտորդներից կազմված մի խումբ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































