Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան միամիտ է համարում այն պնդումը, թե հռետորության փոփոխման շնորհիվ կբարելավվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Հուսով եմ՝ Վրաստանի կառավարությունը թույլ չի տա երկրի ռազմավարական փաստաթղթերում գրառումների փոփոխում, իսկ վարչապետը, օրերս անելով հայտարարություն, կա՛մ իրազեկված չի եղել, կա՛մ խոսել է միայն հռետորության մասին, այլ ոչ թե այդ փաստաթղթերում հիմնական գրառումների»,- ասել է Բոկերիան «Ռուսթավի-2» հեռուստաալիքի «Դիրքորոշում» հաղորդման ժամանակ:
Նրա խոսքով՝ բոլոր ռազմավարական փաստաթղթերում, որոնք ստեղծվել են ինչպես նախկին կառավարության, այնպես էլ Ռազմավարական անվտանգության տեսության նոր նախագծում, հստակորեն արտացոլված է այն նույն իրավիճակը, որը վկայում է, որ ռուսական զորքերի կողմից իրականացվել է Վրաստանի տարածքների օկուպացիա, ինչն ինքնին գլխավոր մարտահրավեր է և վտանգ, իսկ հաջորդող սցենարները, ապակայունացման սպառնալիքը գալիս են հենց դրանից:
Բոկերիան հայտարարել է, որ ռազմավարական փաստաթղթերում Ռուսաստանի հանդեպ առկա դիրքորոշումը պետք է պահպանվի այնքան, քանի դեռ այդ սպառնալիքը չի վերացել:
Նա ընդգծել է, որ այդ հարցում որևէ պատրանք լինել չի կարող: «Եթե գոյություն ունի պատրանք, որ նման ռևերանսներով Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը, դա լավագույն դեպքում միամիտ է և թուլացնում է մեր քաղաքական ու դիվանագիտական դիրքերը»,- ասել է Բոկերիան:










































