Այսօր հայտնի են դարձել Webby մրցանակակիրները: Աշխարհում ամենահայտնի և հեղինակավոր մրցանակներից մեկն ամեն տարի հանձնվում է համացանցային լավագույն նախագծերի հեղինակներին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Այս տարի «Տարվա բեկում» անվանակարգում հաղթել են Բարաք Օբամայի նախընտրական արշավի կազմակերպիչները: Ինչպես նշել են Webby-ի կազմկոմիտեում, Օբամայի թիմին հաջողվել է համացանցը ծառայեցնել քաղաքական նպատակների համար և ցույց տալ, թե որքան կարևոր է նրա դերը ժամանակակից նախընտրական պայքարում:
Համացանցի զարգացման գործում ներդրման համար մրցանակ է ստացել Սթիվ Ուիլհայթը՝ գրաֆիկական պատկերների GIF ձևաչափի գյուտարարը: Նա դա ստեղծել է 1980-ականներին, որը հանրահայտ է մնում առ այսօր:
«Տարվա մարդ» անվանակարգում հաղթել է ամերիկացի ռեփեր Ֆրենկ Օուշենը, իսկ «տարվա արտիստ» է ճանաչվել կանադացի երգչուհի Քլեր Բուշեն, որը հայտնի է Գրայմս մականունով:
Հատուկ նվաճման համար մրցանակի են արժանացել քաղաքական դրամայի ժանրում ամերիկյան «Քարտե տնակը» (House of Cards) հեռուստասերիալի ստեղծողները:
«GPS արբանյակային նավիգացիոն համակարգի տեխնոլոգիայի լավագույն կիրառման» համար մրցանակ է տրվել Google Maps ծառայությանը:
Այս տարի ամենամեծ թվով՝ 7 մրցանակի են արժանացել մետրոյում անվտանգության մասին ավստրալական սոցիալական գովազդի հեղինակները: «Հիմարները կարող են մահանալ» տեսահոլովակն իսկական հիթ է դարձել համացանցում:
Այս տարի Webby-ն, որը հիմնադրվել է 1997 թվականին՝ Թվային արվեստների ու գիտության միջազգային ակադեմիայի կողմից, հանձնվել է 17-րդ անգամ: Պարգևատրումը տեղի կունենա մայիսի 22-ին:









































