Գուանտանամոյի բանտը, որտեղ պահվում են ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողները, պետք է փակվի։ Երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Երբ 2008 թ. ես ընտրվեցի, ասացի, որ Գուանտանամոն պետք է փակվի: Ես նախկինի պես եմ մտածում՝ Գուանտանամոյի բանտն ԱՄՆ-ի անվտանգությանն անհրաժեշտ չէ և շատ թանկ արժե: Այն պետք է փակել»,- լրագրողներին երեքշաբթի օրը հայտարարել է Օբաման:
Կոնգրեսի դիրքորոշման պատճառով ԱՄՆ-ին մինչ այժմ չի հաջողվում փակել Գուանտանամոյի բանտը:
2008 թ. դեռևս նախագահի թեկնածու Բարաք Օբաման խոստացել էր փակել ԱՄՆ-ի հեղինակության վրա հետք թողած Գուանտանամոյի բանտը, սակայն 2011 թ. կրկին վերսկսվել են ահաբեկչությանմեջ կասկածվողների հանդեպ ռազմական դատավարությունները:
Երեքշաբթի օրը ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Գուանտանամոյի 166 կալանավորներից 100-ը հացադուլ են հայտարարել: Կալանավորները բողոքում են կալանքի ժամկետների անորոշության դեմ:









































