Ապրիլի 30-ին Պակիստանի դատարանի կայացրած վճռի համաձայն՝ երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը մինչև կյանքի վերջը զրկվում է պետությունում որևէ պաշտոնում ընտրվելու հնարավորությունից, հաղորդում է Associated Press-ը:
Նախկին նախագահի փաստաբանների խոսքերով՝ իրենք նախատեսում են մոտակա ժամանակները բողոքարկել վճիռը Պակիստանի գերագույն դատարանում: Ավելի վաղ Մուշարաֆը բազմիցս հայտարարել էր մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Մուշարաֆը մեղադրվում է 2007 թ. նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի, 2006 թ. Բելուջիստան նահանգի ազգայնականների առաջնորդ Աքբար Բուխտիի սպանությունների, ինչպես նաև 2007 թ. երկրում արտակարգ դրություն մտցնելու և գերագույն դատարանի դատավորներին ձերբակալելու մեջ:










































