Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մենք այլևս ունենք ոչ թե հրադադար, այլ փաստացի պատերազմ, որն ընթանում է հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում: Ըստ էության, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի այդ բնորոշումը ներկայումս շատ դժվար է վիճարկել, և կարող ենք խոսել ընդամենը ընթացող պատերազմի, այսպես ասած, տեսակի կամ տարբերակի մասին:
Եվ որքան էլ փորձենք զերծ մնալ բնակչության շրջանում, քաղաքացիների շրջանում ավելորդ խուճապ առաջացնելու վտանգից, այնուհանդերձ պետք է արձանագրել, որ պատերազմն ընթանում է, և դրան առավել պատրաստ լինելու, դրանում առավել անվտանգ լինելու համար պետք է ընդունել իրականությունն այնպես, ինչպես կա և անել համապատասխան քայլեր: Վերջին հաշվով, խուճապն, իհարկե, ծայրահեղություն է, սակայն մյուս ծայրահեղությունն էլ զգոնության բթացումն է, այսպես ասած՝ արխայինությունը, որ կարող է ևս ունենալ վտանգավոր հետևանքներ:
Եվ ուրեմն՝ պետք է արձանագրել, որ պատերազմը ընթանում է արդեն տևական ժամանակ, և եթե այն լայնամասշտաբ չէ, դա դեռ չի նշանակում, որ պատերազմ չէ: Մյուս կողմից, սակայն, պատերազմի հարցում համարժեքացման կարիք ունի առաջին հերթին իշխանությունն ինքը՝ իր գործողություններով, իր կառավարման արդյունավետության գործակցով, իր վարքով՝ սկսած կենցաղից, տանից, ընտանիքից, մինչև աշխատավայր, աշխատանքային պարտականությունների կատարում: Երբ այս ամենի պրիզմայով հետևում ենք Հայաստանի իշխանությանը, հետևում ենք բարձրաստիճան պաշտոնյաների վարքին, ապա այդ վարքը, մեղմ ասած, պատերազմին համարժեք լինելուց հեռու է այնքան, որքան Սինգապուրն է հեռու հայ-ադրբեջանական սահմանագոտուց:
Եվ Սինգապուրի հեռավորության օրինակը մենք ամենևին պատահական չբերեցինք, որովհետև Հայաստանին պարտադրված թեկուզ դանդաղ, թեկուզ լոկալ, կամ եթե ասենք՝ հիբրիդային պատերազմում հաղթելու համար Հայաստանը պետք է լինի այնպիսին, ինչպիսին Սինգապուրն էր, Հայաստանի իշխանությունը, բարձրաստիճան պաշտոնյաները պետք է լինեն այնպիսին, ինչպիսին այդ երկրի վերածննդի խորհրդանիշ, նախկին վարչապետ Լի Կուան Յուն, որը հաղթահարեց կոռուպցիան, որը հետամնաց, հետադեմ երկիրը վերածեց համաշխարհային տնտեսության առաջատարներից մեկին:
Լի Կուան Յուն մի քանի տարի առաջ Հայաստանում էր և Հայաստանի պաշտոնյաներին մի պարզ խորհուրդ տվեց կոռուպցիայի դեմ պայքարի համար: Նա հայտարարեց, որ որպես առաջին քայլ պետք է դադարեն կաշառք վերցնել ամենավերևները, մյուս քայլերը դրանից հետո կընթանան հաջորդաբար:
Լի Կուան Յուի այս պարզ բանաձևը Հայաստանում առ այսօր մնում է «ձայն բարբառոյ յանապատի», մինչդեռ այսօր, երբ հենց իշխանությունն ինքն է խոստովանում, որ սահմանին ընթանում է պատերազմ, Հայաստանի համար կոռուպցիայի դեմ պայքարը ըստ էության դառնում է ճակատային կարևոր ուղղություն: Միայն հաղթելով կոռուպցիան Հայաստանը հնարավորություն և հեռանկար ունի հաղթել պարտադրված պատերազմն ու թույլ չտալ, որ այն դառնա լայնամասշտաբ ու ավերիչ: Սակայն առայժմ այդպիսի հաղթանակի նախանշաններ իշխանությունը ոչ միայն ցույց չի տալիս, այլ հակառակը՝ առանց անհարմար զգալու ցույց է տալիս, թե որքան պատրաստակամ է հաճույքով շարունակել քաղել կոռուպցիայից պարտության քաղցր պտուղները, որոնց կորիզի դառնահամը զգում է պետությունը:








































