Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Գոլամհուսեյն Մոհսենի Էժեին Երևանում հայտարարել է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հայտնվելուց հետո թմրանյութերի շրջանառության ծավալներն ավելացել են:
Ինչպես հայտնի է, Իրանի գլխավոր դատախազը աշխատանքային այցով Երևան է ժամանել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով: Նրա աշխատանքային այցի օրակարգում է թմրանյութերի տարանցման և անդրազգային հանցագործությունների խնդիրը, սակայն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հայտնվելու և թմրանյութերի շրջանառության ավելացման մասին հայտարարությունները, ըստ էության, քաղաքական հայտարարություններ են, ինչի համար Թեհրանը օգտագործում է երևանյան ամբիոնը: Ըստ որում, հետաքրքրական է այն, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի օպերացիային մասնակցում է Հայաստանն ինքը՝ խաղաղապահների իր զորակազմով, գերմանական հրամանատարության ներքո:
Այսինքն՝ ըստ էության ստացվում է, որ թմրանյութերի շրջանառության ավելացման համար մեղադրելով ՆԱՏՕ-ին՝ Իրանի գլխավոր դատախազը նաև մեղադրում է Հայաստանին, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի առաքելությանը: Ընդ որում, Իրանի գլխավոր դատախազի այս հայտարարությունները Երևանում հնչում են այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը փորձում է սերտացնել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի, Եվրամիության հետ, ընդհանրապես՝ Արևմուտքի հետ, իսկ Ռուսաստանն էլ միևնույն ժամանակ փորձում է ուժեղացնել ճնշումները Հայաստանի վրա, որպեսզի Երևանին պարտադրի որոշումներ կայացնել Մաքսային միության և Եվրասիական միության վերաբերյալ, և ընդհանրապես պարտադրի երբևէ չմտածել ռուսական կայսերապաշտության դաշտից դուրս գալու և արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի մասին:
Կարևոր չէ, թե ինչ անձնական դրդապատճառներով կամ նպատակներով են հայաստանյան իշխանությունները փորձում դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքական հարաբերությունները: Կարևորն այն է, որ ուզում են, և եթե անգամ ուզում են ձևականորեն, դա էլ նվազագույն մի աստիճան է, որը բխում է Հայաստանի պետության և հասարակության շահերից: Հետևաբար այս ամենին ուղղված գործողությունները պետք է դիտարկել այդ շահերի դեմ կատարվող քայլերի համատեքստում:
Այս տեսանկյունից Իրանի գլխավոր դատախազի հայտարարությունները Երևանում ամենևին չեն բխում Հայաստանի պետական շահերից, և նման հայտարարություններով պաշտոնական Թեհրանը լրջորեն վնասում է Հայաստանին՝ անկախ նրանից, թե ինչ նպատակներով են հնչում այդ հայտարարությունները, և ինչպես են դրանց նայում Հայաստանի իշխանությունները, որոնց դեպքում, իհարկե, միանգամայն հավանական է նաև երկակի խաղը:
Համենայնդեպս, Հայաստանը ասիական երկրների հակաարևմտյան հայտարարությունների ամբիոն դարձնելը, մեղմ ասած, այնքան էլ նպատակահարմար չէ: Ընդհանրապես, Հայաստանը չպետք է դառնա որևէ պետության պաշտոնյայի համար որևէ երրորդ պետության դեմ հակահայտարարությունների ամբիոն: Մի բան է, երբ նման դիրքորոշումներ արտահայտում են հայաստանյան սուբյեկտները, մեկ այլ բան, երբ երրորդ երկրի պաշտոնյաներ են գալիս և հայտարարություններ անում այլ երկրների հասցեին՝ այն դեպքում, երբ նրանց պետք է որ քաջ հայտնի լինի Հայաստանում նուրբ աշխարհաքաղաքական վիճակը հարավկովկասյան տարածաշրջանում:
Եվ այստեղ, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է հենց այս պահին Հայաստան հրավիրվում իրանյան գլխավոր դատախազը, և ինչո՞ւ հրավերից առաջ նախապես չեն հստակեցվում հայտարարությունները և կանխարգելվում անցանկալի երանգները:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի












































