Այսօր Իրաքի հարավում ականապատված մեքենաների պայթյունների հետևանքով զոհվել է 26 մարդ, շուրջ 100-ը տուժել են: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:
Գործակալության տեղեկություններով՝ եղել է 5 պայթյուն:
Երկու ավտոմեքենաներ պայթել են Ալ-Ամարա քաղաքի շուկայի մոտ, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, տուժել 42-ը: Նշենք, որ քաղաքի բնակիչների զգալի մասը շիաներ են: Ականապատված մեքենա է պայթել նաև շիայական Ալ-Դիվանիա քաղաքի ռեստորաններից մեկի մոտ, որի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 25 մարդ: Մի քանի ժամ անց պայթյուն է որոտացել Կերբելա քաղաքում, և զոհվել է 2, վիրավորվել 12 մարդ: Եվս մեկ ականապատված մեքենա էլ պայթել է սուննիական Ալ-Մահմուդիա քաղաքի շիայական արվարձանում, զոհվել է 3, տուժել 16 մարդ:
Իրաքում ներքաղաքական իրադրությունը սրվել է՝ կապված երկրի խոշորագույն իսլամական համայնքների՝ սուննիների ու շիաների պատմական դիմակայության հետ:










































