Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Կրեմլում այդքան էլ ուշադրություն չեն դարձնում վրացական խորհրդարանի որոշման վրա, որով դադարեցվում է ռուսական ռազմական տեխնիկայի փոխադրման վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը:
«Մեծ հաշվով, այդ քայլը կոնկրետ բացասական ազդեցություն չի թողնում Ռուսաստանի Հարավային Կովկասում վարած քաղաքականության վրա, սակայն ազդում է ընդհանուր քաղաքական մթնոլորտի և երկկողմ հարաբերությունների վրա, և ջերմացումն, իմ կարծիքով, հետաձգվում է անորոշ ժամանակով»:
Ռուս քաղաքագետի խոսքերով, վրացական խորհրդարանի որոշումը կարող է որոշակիորեն ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա, և հայ-վրացական հարաբերությունները կարող են վերանայվել դեպի վատը.
«ԼՂ հակամարտության շուրջ իրավիճակն այժմ բավականին լարված է, և Հայաստանում չեն բացառում պատերազմի վերսկսումը, հետևաբար Հայաստանի համար այս հարցը բավականին լուրջ է, սա ազգային անվտանգության հարց է»:
Այդուամենայնիվ, ըստ Վլասովի, այս իրավիճակի վրա ազդելու որևէ հնարավորություն հայկական կողմը չունի:









































