2009թ.-ին «Դարձի՛ր Victoria’s Secret-ի հրեշտակը» մրցույթում հաղթած Քայլի Բիսութին քննադատել է երբեմնի սիրելի ապրանքանիշը: Իր հրատարակած գրքում 23-ամյա մոդելը պատմում է. «Ես կարճ վերնազգեստով պառկած եմ մահճակալին, տեսախցիկի լուսարձակները կուրացնում են: Ես ցուցադրում եմ գեղեցկուհու հենց այն գայթակղիչ հայացքը, որի շնորհիվ հայտնի դարձա:
«Վերնազգեստդ մի քիչ էլ բարձրացրո՛ւ: Սավանը բռնիր այնպես, կարծես ներքնազգեստ չես կրում»,- ասում է ինձ լուսանկարիչը:
Ինձ վճարում էին այն բանի համար, որպեսզի ես առանց հագուստի գայթակղիչ դիրքեր ընդունեի՝ տղամարդկանց մեջ սեռական ցանկություն առաջացնելու համար: Խոսքը հագուստի գովազդի մասին չէր: Ես ինձ մսակտոր էի զգում»,- գրել է մոդելը:
Մի խոսքով, մոդելը հրաժարվել է «բազմամիլիոնանոց» պայմանագրից և մեկնել հարազատ Մոնտանա: Սակայն իր գրքից որոշ հատվածներ տպագրել է New York Post-ում:
Ի պատասխան՝ ապրանքանիշի ներկայացուցիչները նշել են, որ նա երբևէ չի եղել Victoria’s Secret-ի հրեշտակը, այլ ընդամենը հաղթել է մրցույթում, ինչի համար էլ հնարավորություն է ստացել մեկ անգամ հարթակ բարձրանալ և ուղեցույցի համար նկարահանվել: Չնայած նրա՝ ապրանքանիշը շարունակաբար գովազդելու խնդրանքներին, նրա հետ ոչ մի պայմանագիր չի կնքվել, և առավել ևս, ոչ մի պայմանագիր նա չի խզել՝ պնդում են ապրանքանիշի ներկայացուցիչները:










































