Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «անազնիվ քայլ» է համարել Իրաքի իշխանությունների կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված բողոքը, որը վերաբերում է երկրի հյուսիսում թուրքական զորքերի ներկայությանը՝ հակառակ Բաղդադի կամքի ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Նրանք կարող են դիմել ՄԱԿ ԱԽ, դա նրանց իրավունքն է, սակայն դա անազնիվ քայլ է»,- նշել է նա։
Դեկտեմբերի 4-ին տեղեկություններ էին հայտնվել, որ ԴԱԻՇ-ի կողմից զավթված Մոսուլ քաղաքի մոտ տեղակայվել է թուրք զինվորականների գումարտակ։ Զորքերը զինված են զրահատեխնիկայով։
Իրաքի ԱԳՆ-ն այդ գործողությունները որակել է ներխուժում։ Բաղդադը նման գործողությունները համարել է չհամաձայնեցված և պահանջել թուրքական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերում։











































