Business Georgia-ի փոխանցմամբ` Վրաստանի էներգետիկայի նախարարությունը չի դիտարկում հավելյալ ծավալի ռուսական գազ գնելու հարցը։ Այդ մասին նշված է գերատեսչության ղեկավար Կախա Կալաձեի ու «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հանդիպման կապակցությամբ իշխող կուսակցության պատգամավորների դիմումին նախարարության պատասխանում։
Նախարարությունը հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը բնակչության համար Ադրբեջանից գազ է ստանում 2009 թվականին ստորագրված երկարաժամկետ համաձայնագրի հիման վրա, իսկ ինչ վերաբերում է կոմերցիոն գնումներին, ապա տվյալ փուլում պետությունը չի պլանավորում գազ գնել:
«Ինչ վերաբերում է Հայաստան ռուսական գազի տարանցմանը, ապա եթե մեծացվի այնտեղ ռուսական գազի մատակարարման ծավալը, ապա դրան համապատասխանաբար կաճի նաև Վրաստանի ստացած գազի ծավալը՝ որպես տարանցման վճար։
Միևնույն է՝ դա չի կարող նվազեցնել Վրաստանին գազի մատակարարումներում Ադրբեջանի մասնաբաժինը։ Վրաստանում գազի տարեկան սպառումն ավելի մեծ է, քան Հայաստանին գազի տարանցման համար վճարի հնարավոր աճը։ Հետևաբար Վրաստանի գազային հաշվեկշռում Ադրբեջանի մասնաբաժինը ոչ մի կերպ չի կրճատվի։
Ներկայումս Վրաստանը Հայաստան գազի տարանցման համար որպես վճար ստանում է գազի 10 տոկոսը։ Այդ տոկոսը կմնա անփոփոխ նաև այն դեպքում, եթե մեծացվի փոխադրվող գազի ծավալը։ «Գազպրոմից» Հայաստան տարանցման համար ստացվող գազը սոցիալական սեգմենտ է, այսինքն՝ դա էժան գազ է բնակչության համար»։
Ադրբեջանից գազի մատակարարումների հնարավոր կասեցման հետ կապված՝ Վրաստանի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ եթե դա տեղի ունենա, ապա Վրաստանն ամեն դեպքում չունի գազ ստանալու այլ աղբյուր. «Հնարավոր է գազի ստացումն Իրանից, ինչպես որ 2006 թվականին էր, եթե մատչելի լինի ենթակառուցվածքը»։









































