Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հանգստության կոչ է արել Ռուսաստանին՝ ընդգծելով, որ իրենց համբերությունն անսահման չէ, և անհրաժեշտության դեպքում իրենք չեն վախենում պատասխան միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ:
«Ռուսաստանը փորձում է օգտագործել ամեն տիպի հնարավորություն՝ Թուրքիայի դեմ արտահայտվելու համար։ Ռուսաստանը, առանց Իրաքի համապատասխան խնդրանքի, գումարել է ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ, որով և խայտառակել է իրեն։
Թուրքիայի և Իրաքի երկկողմ հարաբերությունները չպետք է մտնեն Ռուսաստանի շահերի ոլորտ։ Թուրքական տանկային գումարտակն Իրաքում գտնվում է Բաղդադի հետ պայմանավորվածության շրջանակում։ Իրաքի իշխանությունները քանիցս այցելել են թուրքական բանակի ճամբար»,- ասել է նա։
Չավուշօղլուի խոսքով՝ Իրաքի կենտրոնական կառավարության հետ հետ հարաբերությունների սրացումը կապված է արտաքին ուժերի ազդեցության հետ. «Թուրքական բանակն Իրաքում գտնվում է ոչ թե ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու, այլ քուրդ աշխարհազորայինների ռազմական նախապատրաստության համար։ Տվյալ թեմայի շուրջ երկխոսությունը շարունակվում է»։







































