Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Տորոնտոյի օդանավակայանում անձամբ դիմավորել է Սիրիայից ժամանած փախստականներին, այդ թվում նաև սիրիահայերին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Կանադայի կառավարական առաջին օդանավը Տորոնտո է բերել 163 փախստականի:
Վարչապետն առաջինը ողջունել է սիրիահայ Գևորգ Ժամկոչյանին, նրա կնոջն ու 16 ամսական դստերը՝ ասելով. «Բարի գալուստ ձեր նոր տուն»: Ժամկոչյանը Թրյուդոյի հետ զրույցում ասել է. «Մենք իսկապես շնորհակալ ենք ջերմ հյուրընկալության և ողջույնի համար: Մենք մեզ զգում ենք ինչպես տանը: Մենք շատ ենք տառապել: Ասես դժոխքից դրախտ եկած լինենք»:
Ինչպես հաղորդում է WashingtonPost-ը, Սիրիայից ժամանած ընտանիքներին բաժանվել են ձմեռային հագուստներ և խաղալիքներ։ Փախստականներով հաջորդ օդանավը Կանադա կժամանի դեկտեմբերի 12-ին:
Վարչապետը մտադիր է մինչև 2016 թվականի փետրվարի վերջ ընդունել 25 հազար սիրիացի փախստականների:






































