Երջանկությունը չի երկարացնում կանանց կյանքը, հայտարարել են բրիտանացի գիտնականները: Նրանք ընդգրկուն հետազոտություն են կատարել, որին մասնակցել է ավելի քան 1 մլն կամավոր, հայտնում է medportal.ru-ն:
Հետազոտողները նաև հերքել են տարածված կարծիքը, թե բացասական հույզերը, դժբախտությունները և սթրեսը հանգեցնում են հիվանդությունների: Նրանք բացատրել են, որ այդ դեպքում պարզապես շփոթել են պատճառը և հետևանքը, առողջական խնդիրների հանգեցնում են ոչ թե անհաջողությունները, այլ վատ ինքնազգացողությունը մարդկանց ստիպում է իրենց ավելի դժբախտ զգալ:
Հետազոտության մասնակիցների ուսումնասիրությունը 10 տարի է տևել: Հետազոտության սկզբից 3 տարի անց կանայք, որոնց միջին տարիքը փորձի սկզբում եղել է 59, պատասխանել են անկետայի հարցերին, որոնցում նրանց առաջարկվել է գնահատել առողջական վիճակը, սթրեսի և երջանկության մակարդակը: Ամեն 6-րդ կինը հայտնել է, որ իրեն դժբախտ է զգում:
Փորձի ավարտին գիտնականները գնահատել են մահացության մակարդակը նրանց շրջանում, ովքեր իրենց երջանիկ են համարել, և իրենց դժբախտ համարող կանանց շրջանում: Պարզվել է՝ այդ ցուցանիշները նույնն են եղել երկու խմբերում, այսինքն՝ երջանկության զգացումը ոչ մի կերպ չի ազդում կյանքի տևողության վրա:






































