Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բանտարկությունից իրավապաշտպան Լեյլա Յունուսին ու նրա ամուսին, քաղաքագետ Արիֆ Յունուսին ազատ արձակելը դրական քայլ է, սակայն նրանցից հետո պետք է ազատության մեջ հայտնվեն նաև մյուս քաղբանտարկյալները։
Այդպիսին է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարությունների հիմնական ուղերձը՝ կապված այն իրողղության հետ, որ Բաքվի Վերաքննիչ դատարանի երեկվա որոշմամբ Լեյլա Յունուսը հայտնվել է ազատության մեջ։
Լեյլա Յունուսի ազատ արձակումը ողջունել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ հայտարարելով, որ դա վաղուց սպասված հումանիտար դրական ցանկալի ժեստ է։ Լեյլա Յունուսի ազատման կապակցությամբ գոհունակություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը, որն Ադրբեջանին կոչ է արել շարունակել այդ ուղին, ցուցաբերել բարի կամք և ազատել մնացյալ «խղճի բանտարկյալներին»։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը դրական է գնահատել Յունուսի ազատ արձակումը՝ հայտարարելով, որ դրանից հետո թեթևություն է զգացել։
Լեյլա Յունուսին ազատելը ողջունել են նաև ԵԱՀԿ-ի ղեկավար Անն Բրասորը, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիստոֆեր Սմիթը և այլք։









































