Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 8-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության անդամներին` ուղեկցությամբ ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից , ներկայացնելով վարչության անդամներին` Գառնիկ Մկրտիչյանն անդրադարձել է ՀՄԸՄ վարչության առաքելությանն ու կազմակերպական խնդիրներին, համագործակցությանը Հայոց եկեղեցու թեմերի հետ: ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետը, մասնավորապես, նշել է, որ վարչության բոլոր անդամների մեկտեղումը հայրենիքում լրացուցիչ եռանդ է հաղորդում ամենքին` մեկ քայլով մոտեցնելով նրանց հիմնական առաքելությանը. այն է`հայ երիտասարդին պահել մաքուր ու անբասիր, հավատարիմ նախնյաց սուրբ ավանդներին ու բարքերին:
Ամենայն Հայոց կաթողիկոսը, իր հայրապետական օրհնությունը փոխանցելով ՀՄԸՄ վարչական մարմնի նոր անդամներին, կարևորել է նրանց այցը համայն հայության հոգևոր կենտրոն և գնահատել այն դերակատարությունը, որ վերջիններս ունեն հայ երիտասարդի նկարագրի կազմության, նրա սրտում հոգևոր-բարոյական արժեքների ձևավորման աստվածահաճո գործում: Անդրադառնալով ՀՄԸՄ կենտրոնական վարչության աշխատանքներին` Նորին Սրբությունը հավելել է, որ Հայ եկեղեցին մշատապես առաջնահերթ կարևորություն է ընծայել մատաղ սերնդի կրթության վեհ ու նվիրական առաքելությանը և ողջուն ել դրանում մասնակից հայորդիներին, ովքեր անձնվիրաբար կյանքի են կոչում երիտասարդների հայրենասիրական աշխարհայացքի կերտումը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների գործունեությանը և այնտեղ տրվող հոգևոր-հայրենասիրական կրթությանը:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:









































