Դեկտեմբերի 7-ին Հայաստանն ակտիվորեն քննարկում էր դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Ինչպես հայտնի է, պաշտոնական արդյունքների համաձայն «այո»-ն հավաքել է ավելի քան 63 տոկոս ձայն, իսկ «ոչ»-ը՝ 32 տոկոսից ավելի: Այսպիսով, տեղի ունեցավ այն, ինչը, ըստ էության, կանխատեսելի էր: Եվ բնականաբար տեղի ունեցավ ընտրակեղծարարության այն ողջ ծաղկաբույլով, ինչով որ Հայաստանում իշխանությունները սովորաբար ստանում են իրենց համար ցանկալի արդյունքները համապետական քվեարկությունների պարագայում:
Սահմանադրական հանրաքվեով, ըստ էության, Հայաստանում սկիզբ է առնում մի նոր քաղաքական ցիկլ՝ արդեն կառավարման նոր մոդելով, առանց նախագահական ընտրությունների, ներքաղաքական նոր տրամաբանությամբ: Սակայն Հայաստանում, ըստ էության, տեղի է ունեցել շրջադարձային երևի թե ևս մի բան, որն արդեն կատարվել է դեկտեմբերի 7-ին: Հայաստանում, ըստ էության, ավարտվել է ընդդիմադիր դաշտի մի ցիկլ, որտեղ կայծակնային առկայծում ունեցավ «Նոր Հայաստան» միավորումը, միաժամանակ ըստ էության բավական արագորեն էլ հանգելով:
«Նոր Հայաստանը», որ դեկտեմբերի 1-ին իշխանափոխության հռչակագրով սկսել էր շուրջօրյա հանրահավաքների գործընթաց՝ արտահերթ նախագահական ընտրությունների նպատակադրումով, երեկ հայտարարել է այդ գործընթացը դադարեցնելու և նոր ռեժիմի անցնելու մասին: Սա, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան ընդամենը պայքարի անարդյունավետ ավարտի ազդարարում՝ փորձելով ապահովել որոշակի արժանապատիվ նահանջ: Միևնույն ժամանակ, այստեղ զուտ գործընթացի ավարտ չէ՝ ֆորմալ կամ ոչ ֆորմալ, այլ ըստ էության՝ նախևառաջ գործողությունների և մոտեցումների մեթոդաբանության ավարտ:
Ակնհայտ է, որ մոտեցումներն ու մեթոդաբանությունը, որ դավանել են ընդդիմությունները վերջին տարիներին, լիովին սպառված են և հնացած: Ու գուցե թե շատ խորհրդանշական է, որ հին մեթոդաբանության վախճանն արտահայտվում է «Նոր Հայաստանի» պայքարի արդյունքում: Եվ այս տեսանկյունից միգուցե սա նաև կամա, թե ակամա այն ծառայությունն էր, որ «Նոր Հայաստանը» կարող էր մատուցել կամ մատուցում է հասարակությանը՝ ցույց տալով այս ամենի սնանկությունը և անկենսունակությունը:
Հասարակությունը կանգնած է լիովին նոր իրավիճակի առաջ, ներքին ու արտաքին նոր մարտահրավերների, և սրանց արձագանքելու համար և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր դաշտում է անհրաժեշտ իրապես նորը: Ավելին՝ եթե իշխանական դաշտի մասով սրա հույսն էլ չկա, և նորը ընդամենը փաթեթավորում է՝ առանց բովանդակային տարբերության, իսկ միգուցե նույնիսկ հնից ավելի սանձարձակ, ապա ընդդիմությունն այդ դեպքում առավել ևս մնում է հասարակության ու պետության վերջին հույսը, և այստեղ նորը դառնում է կենսական հրամայական, որովհետև նոր իշխանությունն, ըստ էության, այլ աղբյուր ունենալ չի կարող, քան նոր ընդդիմությունն է:
Ակնհայտ է, որ Հայաստանում հին ընդդիմությունը կամա, թե ակամա օգնում է այլևս հին իշխանությանը պահելուն: Պետք է նոր ընդդիմություն՝ նոր իշխանություն ձևավորելու համար: Եվ միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ նոր ընդդիմությունը անվանական հասկացություն չէ, այսինքն՝ նորը չեն կարող լինել անունները, ազգանունները, կուսակցական հապավումները կամ կոստյումները: Նորը կարող է լինել միմիայն բովանդակությունը, տեքստը, տեքստի գործնականությունը, հանրության լայն շերտերի համար հասանելիությունն ու մատչելիությունը, կոնկրետությունը, թիրախների հստակությունը՝ և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ, և՛ երկարաժամկետ առումով, ու ամենակարևորը՝ պատասխանատվությունը:








































