Երեքշաբթի նավթի համաշխարհային գները շարունակում են ընկնել, Brent ապրանքանիշի նավթը 2009 թ. փետրվարից ի վեր առաջին անգամ էժանացել է 40 դոլարից Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) նիստի արդյունքների ֆոնին, որը նավթի արդյունահանման ներկայիս քվոտայի փոփոխության մասին որոշում չի ընդունել: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները:
Երևանի ժամանակով 17.49-ի դրությամբ Brent տեսակի նավթի հունվարյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը նվազել է 1․82%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 39․97 դոլարի: WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն ընկել է 2․27%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 36․80 դոլարի: Միաժամանակ, Brent ապրանքանիշի նավթի օրական նվազագույն արժեքը մեկ բարելի դիմաց կազմել է 39․90 դոլար, WTI տեսակի նավթինը՝ 36․70 դոլար։











































