Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն այսօր հանդիպելու է ռուսական «Գազպրոմի» ղեկավարության հետ։ Այդ մասին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը՝ մանրամասնելով, որ Կալաձեի ու «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հանդիպումը տեղի է ունենալու Լյուքսեմբուրգում։
Դեռ հայտնի չէ, թե արդյոք կողմերի միջև ստորագրվելո՞ւ է գազի արտահանման ու տարանցման մասին համաձայնագիր։
Կալաձեի ու Միլլերի նախորդ հանդիպումն անցկացվել է Միլանում։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել էին տարանցիկ ծառայությունների մասին համապատասխան համաձայնագրի երկարաձգումն ու տեխնիկական այլ հարցեր, ինչպես նաև բնական գազի հավելյալ ծավալի մատակարարումների ժամկետներն ու պայմանները։
Կողմերը պետք է բանակցություններն ավարտեն դեկտեմբերի վերջին։












































