Միջազգային ուժերը որոշեցին չափազանց արագ հեռանալ Աֆղանստանից, ինչով էլ արմատական խմբավորումներին տվեցին «սխալ ազդանշան»՝ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Ակնհայտ է դարձել, որ Աֆղանստանի գործընկերները ծրագրել էին հեռանալ չափազանց արագ և հավակնոտ կերպով»,- ասել է նախարարը ZDF հեռուստաալիքի եթերում։ Նախարարն այցով գտնվում է աֆղանական Մազարի-Շարիֆ քաղաքում։
Նրա խոսքով՝ «2015 թվականը շատ ծանր տարի էր»։ «Մենք կմնանք ծրագրվածից երկար»,- հայտարարել է նախարարը։
Անվտանգության հետ կապված բարդ իրավիճակի պատճառով ՆԱՏՕ-ն ավելի վաղ որոշում էր ընդունել 2016 թվականին Աֆղանստանում թողնել գրեթե նույնքան զորակազմ, որքան նախկինում՝ մոտ 12 հազար։ 2001-ին սկսված մարտական առաքելությունն ավարտվել է մոտ 1 տարի առաջ և փոխարինվել կրթական Resolute Support առաքելությամբ։ Գերմանիան դրան մասնակցում է 2015-ի հունվարի 1-ին Բունդեստագի արտոնությամբ։ Մանդատը սահմանափակված է 850 զինվորի մասնակցությամբ։ Նոր մանդատը նախատեսում է թվաքանակի որոշակի մեծացում՝ մինչև 980 զինվոր։







































