ԱՄՆ Վերմոնտ նահանգից անկախ սենատոր Բերնի Սանդերսը գլխավորել է «Տարվա մարդը» վարկանշային ցուցակը՝ ըստ ամերիկյան Time ամսագրի ընթերցողների:
Պարբերականի ներկայացուցիչները դեռ պաշտոնապես չեն հայտնել հաղթողի անունը, սակայն ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդ Սանդերսն առաջատար է զգալի առավելությամբ՝ մրցակիցներին գործնականում ոչ մի հնարավորություն չթողնելով:
Սենատորն արդեն ստացել է ձայների 10,2%-ը: Երկրորդ տեղում ներկայումս պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայն է (5,2%), առաջատարների եռյակը եզրափակում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (3,7%):
Չորրորդ տեղում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է (3,5%), հինգերորդը ԱՄՆ-ում սիրված The Late show հեռուստաշոուի հաղորդավար Սթիվեն Քոլբերթն է (3,1%):
Վարկանշային ցուցակում ընդգրկված քաղաքական գործիչների թվում են նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին (2,9%), որն անցած տարի հաղթել է այդ քվեարկությունում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (2,4%), միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը հավակնում է ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալ Հանրապետական կուսակցությունից (1,8%), Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը (1,7%):








































