Ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությունը, որի ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին կործանվել է Սինայի թերակղզում, մտադիր է փոխհատուցում ստանալ Եգիպտոսի իշխանություններից: Այս մասին Forbes ամսագրին հայտնել է Իսմաիլ Լեպիևը՝ TH&C զբոսաշրջային հոլդինգի տերը, որի կազմում է փոխադրողը:
«Ինձ համար շատ կարևոր է հարցի ոչ միայն տնտեսական մասը, այլև քաղաքական: Եգիպտոսը Ռուսաստանի գործընկերն է շատ ոլորտներում, դրանք հարաբերություններ են, որոնք տասնամյակներ են կառուցվել, մենք դա հարգում ենք և մինչև վերջ կաշխատենք փոխհատուցման վերաբերյալ պայմանավորվել առանց դատական քայլերի»,- ասել է Լեպիևը:
Բիզնեսմենի խոսքով՝ ներկայումս փոխադրողը սպասում է Եգիպտոսի կողմից հետաքննության արդյունքների պաշտոնական հրապարակմանը:
Airbus A321 ինքնաթիռը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ: Ինքնաթիռն ընկել է Սինայի թերակղզում: Ինքնաթիռում եղել են 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Նրանք բոլորը զոհվել են: Աղետի պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը:










































