Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պնդում է, որ թուրք զինվորականներն Իրաքում են գտնվում այդ երկրի պաշտպանության նախարարության հրավերով:
«Իրաքի պաշտպանության նախարարությունը դիմել է մեզ՝ իրաքցի զինվորականներին մարզելու խնդրանքով: Նման հրավեր մենք ստացել ենք նաև Նայնավա նահանգ նահանգապետից:
Մեր զինվորականներն այդ շրջանում մարզում են Իրաքի ազգային գվարդային և փեշմերգա ուժերին, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ: Դա անում է ոչ միայն Թուրքիան, այլ նաև ԱՄՆ-ը, Գերմանիան և Ֆրանսիան: Թուրք զինվորականներն ի սկզբանե այդտեղ են եղել Իրաքի իշխանությունների հրավերով»,-ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ Թուրքիան զորք և զինտեխնիկա է տեղակայել Իրաքի Նայնավա նահանգում: Իրաքի ԱԳՆ-ն կանչել է Բաղդադում Թուրքիայի դեսպանին և պահանջել, որ Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը Իրաքի տարածքից:










































