Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք զինվորականները տանկերով ու զրահամեքենաներով մուտք են գործել իրաքյան Նայնավա նահանգ։ Այդ մասին հայտարարել են իրաքյան իշխանությունները:
«Մենք հաստատել ենք, որ թուրք զինվորականները, որոնց թիվը կազմում է տանկային մեկ գումարտակ, տանկերով ու զրահամեքենաներով ներխուժել են իրաքյան Նայնավա նահանգ, ինչն իրականացվել է իրաքյան զինված ջոկատների նախապատրաստման պատրվակով և առանց իրաքյան դաշնային իշխանություններին դիմելու ու նրանց թույլտվությունը ստանալու։ Տվյալ գործողությունը գնահատվում է որպես Իրաքի ինքնիշխանության կոպիտ ոտնահարում և չի համապատասխանում Իրաքի ու Թուրքիայի բարիդրացիական հարաբերություններին»։
Հայտարարության վերջում Թուրքիային կոչ է արվում հարգել բարիդրացիական հարաբերություններն ու անհապաղ զորքերը դուրս բերել Իրաքի տարածքից։ Անցած գիշեր հաղորդվել է, որ մոտ 130 թուրք զինծառայողներ ուղարկվել են Մոսուլի մոտ՝ Իրաքի քրդերի Փեշմերգային ռազմական ուսուցում տալու համար։








































