89 տարեկանում Մոսկվայում վախճանվել է ռեժիսոր Էլդար Ռյազանովը՝ հաղորդում է TASS-ը:
«Դժբախտաբար, մենք պաշտոնապես հաստատում ենք այդ տեղեկությունը»,- ասել են ռեժիսորի ընտանիքի անդամները: Ընտանիքի բարեկամը հստակեցրել է, որ մահվան նախնական պատճառը սրտի անբավարարությունն է:
Ռյազանովը նոյեմբերի 21-ին հոսպիտալացվել էր Մոսկվայի կենտրոնական կլինիկաներից մեկում: Այդ ժամանակ նշվում էր, որ նա ծանր վիճակում է: Մինչ այդ ռեժիսորը բուժման կուրս էր անցել սեպտեմբերին և հոկտեմբերին:
Էլդար Ռյազանովը ծնվել է 1927-ին, Սամարայում: Նա աշխատել է Գրիգորի Կոզինցևի հետ, ապա զբաղվել փաստագրական ֆիլմերով՝ վավերագրական ֆիլմերի Կենտրոնական ստուդիայում: Իր առաջին՝ «Գարնանային ձայներ» ֆիլմը Ռյազանովը նկարահանել է 1955-ին, իսկ արդեն մեկ տարի անց հայտնվեց ռեժիսորին հռչակ բերած «Կառնավալային գիշեր»-ը:
Դրանից հետո Ռյազանովը նկարահանել է մի քանի դասական խորհրդային կատակերգություններ՝ «Գուսարական բալլադ», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ծերունի ավազակները», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ»: 1966-ին հանրաճանաչ դարձավ նրա «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմը:








































