«Եթե ՀԱԿ-ը նպատակ է դնում ինշխանափոխության, ապա երկխոսության առարկան անիմաստ է դառնում, քանզի նախագահի աթոռը մեկն է, և պարզ է, որ այս դեպքում իշխանափոխության շուրջ չեն կարող բանակցել»,- անդրադառնալով ընդդիմության և իշխանության երկխոսության հնարավորությանը՝ կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքի ժամանակ իշխանության առջև դրված երեք պահանջներից երկուսն արդեն կատարվել են, ավելին, Սերժ Սարգսյանն է արդեն խոսում ընդդիմության գործողությունների «դրական միտումների» մասին:
Ըստ Ադիբեկյանի, ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միջև համագործակցություն հնարավոր է՝ նայած, թե համագործակցության ինչ եզրեր կգտնեն: Այդուամենայնիվ, սոցիոլոգի գնահատմամբ, ստեղծվել է մի իրավիճակ, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը. «Գործող նախագահի մտադրությունն էր` միասին մտածել պետության մասին: Նա առաջարկում էր, թե ով ցանկանում է աշխատել իրենց հետ, իրենց դռները բաց են, իրենք սիրով կընդունեն, եթե պետք է՝ իշխանության մեջ պաշտոններ կտան, բայց այդ ամենը պետք է լինի առանց նախապայմանի»:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչքանով է հավանական, որ քաղաքական ուժերի դասավորությունը փոխվի և ստեղծվի ՀԱԿ-ՀՀԿ տանդեմն՝ ընդդեմ ԲՀԿ-ՀՅԴ-ի, Ադիբեկյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը այնքան պարզունակ են, որ կոալիցիոն հուշագիր ստորագրեն, հետո էլ կռվեն միմյանց հետ` նրանք կոալիցիա են մտել, որպեսզի պահպանեն իշխանությունը»:
Ըստ սոցիոլոգի՝ այլ խնդիր է, եթե ՀԱԿ-ը որոշի համագործակցել, ապա դա կարող է տեղի ունենալ. «Բայց ենթադրել, որ ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը կստեղծեն նոր տանդեմ և մյուսներին կհանեն խաղից, դա այդքան էլ բարոյական չէ, թեկուզ ասում են՝ քաղաքականությունը բարոյականություն չի ճանաչում: Զուտ մարդկային առումով դա հնարավոր չէ, նրանք կհեղինակազրկվեն` խոսք են տվել, հուշագիր են ստորագրել, հիմա էլ իրար տշում են դուրս, դա չի լինի»:









































