Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ Թուրքիան դեռ երկար կզղջա, որ հարվածել է ռուսական Սու-24 ինքնաթիռին, հաղորդում է RIA Nօvօsti-ն:
«Ես չեմ կասկածում, որ Թուրքիան դեռ երկար կզղջա իր արարքի համար: Նման նենգորեն չեն վարվում նրանք, որոնք խոսում են բարեկամության և համագործակցության մասին»,- գրել է Կադիրովը Instagram սոցկայքի իր էջում:
«Իմ պարտքն եմ համարում հայտարարել, որ անձամբ ես, Չեչնիայի Հանրապետությունը, համայն չեչեն ժողովուրդը պատրաստ ենք իրականացնել ցանկացած բարդության հանձնարարություն և հրաման: Դրա համար մենք ունենք կամք, վճռականություն, շատ լավ նախապատրաստված ուժեր և հազարավոր կամավորներ: Մենք միշտ հրամանի ենք սպասում»,- գրել է Կադիրովը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը ռուսական Սու-24 ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռին հարվածել են «երկինք-երկինք» տեսակի հրթիռով թուրքական F-16 ինքնաթիռից , և այն ընկել է Սիրիայի տարածքում` Թուրքիայի հետ սահմանից 4 կմ հեռավորության վրա:












































