Այսօր Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի դուստրը` Աիշան, հարցազրույց է տվել The New York Times-ին, հայտնելով, որ ապստամբները զենք են վաճառում ահաբեկիչներին, այդ թվում` «Հիզբոլլահ»-ին և ՀԱՄԱՍ-ին: Նա շեշտել է, որ այն ժամանակ, երբ իր հոր իշխանությունն ամուր էր, եվրոպացիները կարող էին անվտանգությունն ու խաղաղությունը վայելել: Քադաֆիի հեռանալուց հետո նրանք կարող են մոռանալ հանգստի մասին, քանի որ երկիրը կհայտնվի քաոսի և անարխիայի մեջ:
Նա ապստամբներին էլ է անվանել ահաբեկիչներ` ավելացնելով, որ նրանց կողմն անցած նախկին պաշտոնյաները կապ են պահպանում ռեժիմի հետ: Աիշան ասել է նաև, որ իր հայրը պատրաստ է երկխոսության ապստամբների հետ, սակայն ընդդիմությունն ընդհանրապես շահագրգռված չէ դրանում:
Այսօր հայտնի է դարձել նաև, որ Քադաֆին Վենեսուելա է ուղարկել մի պատվիրակություն, որը նախագահ Ուգո Չավեսի հետ կքննարկի խաղաղության հասնելու հնարավոր տարբերակները: «Նրանք եկել են մեր երկիր, որպեսզի գտնեն Լիբիայի հակամարտությունից դուրս գալու քաղաքական ուղիները»,- հեռուստաուղերձում ասել է Չավեսը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Չավեսը սուր քննադատության է ենթարկել կոալիցիոն ուժերին, որոնք «ռումբեր են նետում դպրոցների, առևտրի կենտրոնների վրա»: «Ո՞վ է նրանց այդպիսի իրավունք տվել»,- ասել է Վենեսուելայի նախագահը:







































