NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ երկրի համար նախկինի նման ամենամեծ վտանգը ներկայացնում են միայնակ ահաբեկիչները, որոնք կարող են հարձակվել ցանկացած պահի:
«Կարող եմ վստահեցնել, որ մենք տեղեկատվություն չունենք որևէ կոնկրետ սպառնալիքի կամ դրա ապացույցի մասին։ Սակայն, ինչպես ասել ենք տարիներ շարունակ, կան (ահաբեկչությունների) առանձին կատարողներ, մի շարք «միայնակ գայլեր», որոնց հաջողվել է շրջանցել (անվտանգության համակարգը)»։
Քերին հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո շատ փորձագետներ մշտապես ասում էին, որ հավանական են նոր ահաբեկչությունները, սակայն հարցն այն է, թե երբ դա տեղի կունենա։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԴԱԻՇ-ը սպառնացել է ահաբեկչություններ իրականացնել Նյու Յորքում ու Վաշինգտոնում։








































