Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակցություններ է անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգի հետ: Թեպետ բանակցությունների մանրամասները չեն նշվում, սակայն հայտնի է դարձել, որ քննարկվող հիմնական թեմաներից մեկը եղել է արաբական երկրների կողմից նավթային շուկայում առաջարկի բարձրացումն է: Բենզինի գների աճը ամերիկյան շուկայում լուրջ դժգոհությունների առիթ է տվել, իսկ Օբաման ամերիկացիների կողմից լուրջ քննադատության է ենթարկվում:
Բացի այդ, ամերիկյան հեռուստաընկեություններից մեկին տված հարցազրույցում Օբաման հայտարարել է, որ նավթ արտահանող երկրները պետք է ավելացնեն առաջարկվող նավթի պաշարները: Այդ առաջարկը նա բացատրել է բենզինի գների նվազեցման անհրաժեշտությամբ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Բենզինի գինը ԱՄՆում հիմա կազմում է 4 դոլար մեկ գալոնի դիմաց (մոտ 3.78 լիտր, ՀՀ դրամով դա կկազմի մոտ 380 դրամ մեկ լիտրի դիմաց), ինչը մտահոգում է ամերիկյան վարչակազմին: «Մենք աշխարհում նավթ արտահանողներին ասում ենք, որ հենց իրենց շահերից է բխում այնպես անել, որ նավթի բարձր գները վնաս չտան համաշխարհային տնտեսությանը»,- ասել է Օբաման:








































