ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ողջ ընթացքում գրեթե առաջին անգամ է, որ Միացյալ Թագավորության բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվում Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայում ԴԱԻՇ-ի գրոհայինների դիրքերի ռմբակոծմանը, ինչպես նաև ցամաքային գործողությունների մեկնարկին: Այդ մասին տեղեկացնում են երկրի առաջատար լրատվամիջոցները, որոնք բրիտանացիների դիրքորոշման նման կտրուկ փոփոխությունը պայմանավորում են աշխարհի տարբեր կետերում վերջերս իրականացված արյունոտ ահաբեկչություններով՝ գրում է tass.ru-ն:
Լրատվամիջոցներից մեկի տեղեկացմամբ՝ այժմ բնակիչների 81 տոկոսը կողմ է ԴԱԻՇ-ի դեմ առավել կոշտ մեթոդներով պայքարին, և միայն 5 տոկոսն է, որ առաջարկում է սահմանափակվել Իրաքում Միացյալ Թագավորության օդուժի հասցրած հարվածներով: 14 տոկոսը հայտարարում է, որ Լոնդոնը ընդհանրապես պետք է զերծ մնա Մերձավոր Արևելքում ակտիվ գործողություններից:







































