ԴԱԻՇ-ի դեմ պայքարի մեկնարկի մասին հայտարարած ցանցահենների Anonymous միջազգային խմբի գործողությունները կարող են լինել հակաարդյունավետ: Հինգշաբթի օրը Euronews հեռուստաալիքում այսպիսի կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի՝ անվտանգության նոր մարտահրավերների հարցով օգնական Ջեյմս Շեան:
Շեան վստահ է, որ կիբերանվտանգությունը պետք է մնա պետության վերահսկողության ներքո, «որը գիտի, թե տվյալ իրավիճակում ինչպիսի ռազմավարություն կիրառել»:
Նա նաև հայտարարել է, որ անվերջ քննարկումներում այն մասին, թե որտեղով պետք է անցնի անձնական տվյալների անձեռնմխելիության իրավունքի և պետական ծառայությունների կողմից որոշակի նամակագրության լրտեսելու անհրաժեշտության գիծը, Փարիզի դեպքերից հետո արժե ընտրությունը կատարել հօգուտ անվտանգության:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ցանցահենների Anonymous խումբը հայտարարել է ԴԱԻՇ-ի դեմ սկսել պայքարել: Շարժման մասնակիցները, իրենց պնդմամբ, Twitter-ում գաղտնազերծել են ԴԱԻՇ-ին պատկանող 5 հազար օգտահաշիվ:










































