Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը հայտարարել է, որ Թեհրանի ու Բաքվի հարաբերությունները ներկայումս գտնվում են ամենալավ մակարդակի վրա։
Իրանցի դեսպանն այդ մասին հայտարարել է Բաքվում Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համատեղ նիստի ժամանակ։ Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների նախագահների կամքով քայլեր են ձեռնարկվում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Նիստին մասնակցել է նաև Գիլանի նահանգապետ Նեջեֆին, ով հայտարարել է, որ երկու երկրների համար հնարավորություններ են ստեղծվել նավթի, գազի, նավթաքիմիայի, էներգետիկ, ջրային ու էլեկտրաէներգիայի ոլորտներում համագործակցության զարգացման համար։
Հաղորդվել է, որ ներկայումս Ադրբեջանում գործունեություն է ծավալել իրանական 458 ընկերություն, որոնց կատարած ներդրումների ծավալը կազմում է ավելի քան 760 միլիոն դոլար։







































